12 դեկտեմբերի 2011 - 12:30 AMT
Հայաստանում բջջային կապի ծառայություններից եկամուտը նվազել է՝ 2011-ին կազմելով 140 մլն դոլար

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթացող ԱՊՀ երկրների «Բարձր տեխնոլոգիաներ և ինտերնետ հաղորդակցություն» խորագրով ամենամյա համաժողովին «ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության զարգացման մասին» շնորհանդեսով ներկայացավ ComNews Research-ի վերլուծաբան Մարիա Կորոբկովան:

«Հեռահաղորդակցության ծառայություններ ասելով, հասկանում ենք թե՛ բջջային կապը, թե՛ ֆիքսված հեռախոսները, թե՛ ամպային տեխնոլոգիաները, թե՛ վճարովի հեռուստատեսությունը և այլն: Սակայն բոլոր երկրներում էլ շուկայում գերիշխողը բջջային կապն է»,-նշեց նա:

Ըստ Մարիա Կորոբկովայի ներկայացրած ComNews Research-ի տվյալների, Հայաստանում վերջին երեք տարիներին գրանցվել է բաժանորդների 65% աճ: Նրա խոսքով, ԱՊՀ երկրներում գրանցվել է միջինում բաժանորդային բազայի 35.7% աճ: «2008-2010թթ-ին Հայաստանում կար 3.87 մլն բաժանորդ, իսկ արդեն 2011-ին մեր տվյալները ցույց են տալիս 4.1 մլն բաժանորդ: «Շատերն ասում են, բջջային ծառայություների ավելացումը կապված է տեղանքի բնակչության քանակից, սակայն դա այդպես չէ, դա կախված է ներդրումներից»,-կարծում է Մարիա Կորոբկովան:

Բջջային կապի ծառայությունների եկամուտները նվազել են 47.6%-ով, եթե 2008-ին դրանք կազմում էին 243 միլիոն դոլար, ապա 2011-ին այս թիվը կազմում է 140 միլիոն դոլար:

Չնայած եկամուտը նվազել է, սակայն 2010-ին Հայաստանում բջջային բաժանորդներն 21.9%-ով ավելի երկար են խոսել բջջայինով, քան նախորդ երկու տարիներին: Ըստ ComNews Research-ի վիճակագրության, Հայաստանում 2010-ին մեկ բաժանորդը ամսական խոսում է 265 րոպե, երբ 2008-ին այս թիվը կազմում էր 179 րոպե: Այս ցուցանիշի աճը պայմանավորված է 1 րոպեի դիմաց վճարի տարեցտարի նվազման հետ:

Համաժողովի կազմակերպիչն է «ԱրմենՏել» ընկերությունը: Համաժողովին մասնակցում են լրագրողներ վեց երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկիստանից և Ուզբեկստանից: Բանախոսներն են՝ Մարիա Կորոբկովան ComNews Research-ից, «Վեդոմոստի» թերթից Քսենիա Բոլեցկայան, nomobile.ru ծրագրի ղեկավար Նիկոլայ Տուրուբարը և գրող, արձակագիր, բլոգեր Լեոնիդ Կագանովը։