12 դեկտեմբերի 2011 - 15:38 AMT
Երևանն Ամանորը կդիմավորի մաքուր և լուսավոր

«Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրերի կատարումը Երևանի ավագանու որոշումն է: Ուստի հետևողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով»,-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետարանից հայտնել են, որ հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները։ Անդրադառնալով մայրաքաղաքում տոնական զարդարման աշխատանքների ընթացքին` վարչական շրջանների ղեկավարներին ու առևտրի և սպասարկումների վարչությանը հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաև ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:

«Երևանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը: Ամենօրյա հսկողության ներքո է նաև մայրաքաղաքում եղևնիների և սոճիների համար հատկացված տեղերում բացօթյա առևտրի կազմակերպումը: