12 դեկտեմբերի 2011 - 19:41 AMT
«Կոշկանետման միջադեպ» Իրանում. Ահմադինեժադի վրա կոշիկ են նետել, բայց չեն դիպել

Իրանական պահպանողական լրատվական վեբ-կայքը հաղորդում է հերթական «կոշկանետման միջադեպի» մասին Իրանում: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, գործազուրկը կոշիկ է նետել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա: Տղամարդը բողոքում էր իրեն գործազրկության նպաստ չվճարելու դեմ:

Ահմադինեժադը ելույթ էր ունենում Սարիում` պատմելով բնակարանաշինության նոր նախագծի մասին: Օրինազանցը ունկնդիրների առաջին շարքերն էր թափանցել և որսալով պահը` նետել իր կոշիկը պետության ղեկավարի ուղղությամբ, բայց չէր դիպել. կոշիկն ընկել էր Ահմադինեժադի ետևում փակցված ցուցապաստառի վրա:

Ինչպես նշում է NEWSru.co.il-ը, այս արարքը թանկ նստեց տղամարդու վրա: Ահմադինեժադի կողմնակիցները ծեծի ենթարկեցին կոշկանետին` վանկարկելով իշխանամետ կարգախոսներ:

Ոստիկանները միջամտեցին և կարգը խախտողին խլեցին իրանական առաջնորդի զայրացած երկրպագուներից:

Լուրը հրապարակած Shafaf.ir կայքը հայտնի է երկրի առաջնորդի ընդդիմադիրների հետ իր մտերմությամբ:

Հիշեցնենք, որ կոշիկ նետելու հետ կապված հայտնի միջադեպը տեղի է ունեցել Բաղդադում 2008թ. դեկտեմբերի 14-ին` մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրող Մունթազեր ազ-Զեյդին հերթով նետեց իր կոշիկները ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա` ի նշան Իրաք ամերիկյան զինվորների ներխուժման դեմ բողոքի: Բուշը երկու անգամն էլ խույս տվեց:

Լրագրողի արարքը լայն աջակցություն ստացավ արաբական աշխարհում և նրան հերոսի փառք բերեց:

Կոշիկ նետելը բողոքի համաշխարհային ձև է դարձել: Ազ-Զայիդի հետ կապված միջադեպից հետո կոշիկ է նետվել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի, Շվեդիայում Իսրայելի դեսպանի, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա: