12 դեկտեմբերի 2011 - 20:27 AMT
ՀՀ նախագահն ու Հռոմի պապը քննարկել են Հայաստանի և Վատիկանի երկկողմ հարաբերությունները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Այցի առաջին օրը հանրապետության ղեկավարը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ: Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը և Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին ևս:

Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո հանրապետության ղեկավարը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար և տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը: Այցի առաջին օրը ՀՀ նախագահն այցելել է նաև Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի: