ՄԱԿ. Սիրիայում ապստամբության սկսվելուց ի վեր 5000 մարդ է զոհվել

ՄԱԿ. Սիրիայում ապստամբության սկսվելուց ի վեր 5000 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլլայը հայտնել է, որ Սիրիայում ապստամբության սկսվելուց ի վեր 5000 մարդ է զոհվել: ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նստաշրջանում իր ելույթի ժամանակ նա հաղորդել է նաև, որ ևս 14 հազար մարդ ձերբակալվել է, իսկ ավելի քան 12 հազարը փախուստի են դիմել հարևան երկրներ:

Նավի Փիլլայն անընդունելի է անվանել իրադրությունը Սիրիայում և հավելել, որ այնտեղ, հնարավոր է, մարդկության դեմ հանցագործություններ են կատարվում:

Նա հավելել է, որ իր կողմից հնչեցված զոհերի թվի մեջ չեն մտնում անվտանգության ծառայությունների աշխատակիցները: Սիրիայի կառավարության տվյալներով, բախումների ժամանակ ավելի քան հազար ոստիկան և զինծառայող է զոհվել:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը մերժել է այդ հայտարարությունը` ասելով, որ Նավի Փիլլայը օբյեկտիվ և արդար չէ:

Այդ միջոցին, սիրիական ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, երկուշաբթի օրը անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում ևս 20 մարդ է զոհվել:

Հավաստի տվյալներ այն մասին, թե ինչ է կատարվում Սիրիայում, դժվար է ստանալ, քանի որ երկրում չկան անկախ դիտորդներ, իսկ Սիրիայի իշխանությունները միջազգային լրատվամիջոցներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր:

Նավի Փիլլայը հայտնել է, որ միջազգային հանրության կողմից արձագանքի բացակայությունը միայն սադրում է ռեժիմը Դամասկոսում, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---