13 դեկտեմբերի 2011 - 13:10 AMT
Հայաստանի խորհրդարանում քննարկել են «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովում տեղի են ունեցել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծի հանրային քննարկումները: Քննարկումները կազմակերպել են ԱԺ-ն և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը, Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հետ համատեղ: Լսումները բացեց Աժ փոխխոսնալ Էդուարդ Շարմազանովը, որը ողջունելով մասնակիցներին, կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:

«Մենք կարևորում ենք այս նախագծի լայն հանրային քննարկումները»,-իր հերթին հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հույս հայտնեց, որ քննարկումները թույլ կտան համալրել նախագիծը նոր գաղափարներով և առաջարկեց բոլոր հավաքվածներին իրենց առաջարկները ներկայացնել մինչև հունվարի 15-ը:

Բաղդասարյանը հայտնեց, որ հունվարի վերջում«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծը կքննարկվի ԱԱԽ-ում, հետո կներկայացվի նախագահի հաստատմանը:

Նա հավելել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հարկավոր է ձեռնարկել օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքներին քրեակատարողական հիմնարկներում:

Քննարկումների բացմանը հանդես են եկել նաև օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Թրայան Հրիսթեան, որն ընդգծեց, որ ԵՄ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը այլ երկրներում: