13 դեկտեմբերի 2011 - 16:24 AMT
ԿԱՐԾԻՔ
Facebook-ի «փակումը» հայկական լրատվամիջոցներն օգտագործում են ընթերցող «հավաքելու» համար

Երեկվանից սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել լուրեր այն մասին, թե իբր հանրահայտ Facebook սոցիալական ցանցը փակվում է։

Այս անհեթեթ և քմծիծաղ առաջացնող «նորությունը» հրապարակվել է մի շարք հայկական լրատվամիջոցներում՝ հղում տալով հենց Facebook-ի ղեկավարի բոլորին անհայտ հայտարարությանը, թե իբր Մարկ Ցուկերբերգը հոգնել է Facebook գլխացավանքից և 2012-ի մարտին փակում է այն։

Ի գիտություն բոլոր չտեղեկացվածների, նման հայտարարություն անելու դեպքում ամբողջ աշխարհի լրատվամիջոցները միայն Facebook-ից կխոսեին, այնինչ ոչ մի արտասահմանյան լրատվամիջոց և անգամ ինտերնետ աշխարհի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին գրող առաջատարները նման նորություն չեն հայտնել։ Google-ում որոնում կատարելիս, նման բան չես գտնի։

Որոնումների «տքնաջան» արդյունքում գտնվեց մի անհայտ, «դեղին մամուլ» հանդիսացող, թեթևամիտ և հորինված լուրեր տարածող կայք, որը և ստեղծել էր Facebook-ի «վերջի» մասին նորությունը։

Հետաքրքիր է, որտեղի՞ց էին պեղել մեր լրատվամիջոցները այս կայքը, հավանաբար հաճախակի են օգտվում նման կայքերից՝ սենսացիոն և աբսուրդային նորություններ տարածելու և այդպես ընթերցողներ «հավաքելու» և արհեսատական թրաֆիկ ստեղծելու համար։ Նշեմ, որ այդ կայքի նորություններն ունեն հետևյալ վերնագրերը՝ «Սելենա Գոմեսը հղի է», «Մեգան Ֆոքսը տղամարդ է», «Ինչպես ծախել հոգին սատանային» և այլն։

Վերջում պարզապես նշենք մի քանի փաստ, որոնք անհնարին են դարձնում Facebook-ի փակման նորությունը։ Նախ, Facebook-ն իր պաշտոնական բլոգում նման տեղեկություններ չի տարածում։ Երկրորդը, Facebook-ի նախագծողները «մեռան» աշխատելով նորամուծությունների վրա՝ մասնավորապես Facebook Timeline օգտագործողի անձնական էջի նոր ինտերֆեյսի վրա, որը կամաց-կամաց ողջ աշխարհի օգտագործողների մոտ ակտիվանում է։ Երրորդը, Facebook-ը վերջերս գնեց Gowalla գեոլոկացիոն ծառայությունը՝ իր գեոլոկացիոն ցանցը բարելավելու և Foursquare-ի հետ մրցակցելու համա։ Չորրորդ Facebook-ը հո չի գժվել դիրքերը զիջի իր նորաստեղծ մրցակցին՝ Google+-ին։ Եվ ի վերջո Facebook-ն աշխարհի ամենամեծ և ամենաճանաչված սոցիալական ցանցն է՝ 800 միլիոն օգտագործողներով ու իմիջայլոց Մարկ Ցուկերբերգը միլիարդատեր է։

Փաստերը բավակա՞ն են։

Լուրջ չէ և ցավալի է, որ լրատվամիջոցները, հատկապես հայակական լրատվամիջոցները փորձում են էժանագին լրատվությամբ ընթերցող գրավել։ Իսկ նման լրատվության ընթերցողը, ցավոք, միշտ գտնվում է։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News