13 դեկտեմբերի 2011 - 19:08 AMT
Մի կին ՄԻՊ գրասենյակում բողոքի դիմում գրելուց հետո թունավոր լուծույթ է խմել

Այսօր ժամը 1.30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել։ Գարսենյակի աշխատակիցները անմիջապես հրավիրել են շտապ օգնություն, կնոջը ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են ՄԻՊ գրասենյակից ։

Դիմում-բողոքի մեջ դիմումատուն նշել է մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական տարածքային ծառայության կողմից նպաստի վճարման դադարեցմանը, իրենց տանը կատարված գողությանը և դրա առնչությամբ իրականացված քննությանը։

Այժմ կինը գտնվում է Հանրապետական հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունքում։ Գրասենյակի աշխատակիցները այցելել են և պարզել են, որ նրա վիճակը կայուն է։ Պաշտպանի գրասենյակը կշարունակի ներկայացված բողոքի քննությունը և հետևողական կլինի դրա ընթացքին։