Աղվերանում կանցկացվի կրթության ոլորտի մարտահրավերներին ու հեռանկարներին նվիրված համաժողով

PanARMENIAN.Net - ՀԲ-ի աջակցությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-ից 17-ն Աղվերանում կազմակերպում է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում.մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով Ֆորումը, հաղորդում է ԿԳՆ մամլո ծառայությունը:

Ֆորումին հրավիրված են հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀԲ-ի ներկայացուցիչներ, միջազգային և տեղացի փորձագետներ: Ֆորումն ուղղված է որակի ապահովման պատասխանատուներին: Նպատակն է ներկայացնել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրներն ու լուծման ուղիները, ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին, իրականացնել փորձի փոխանակում: Ֆորումի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ներկայացնելու զեկույցներ իրենց փորձի, կատարած հետազոտությունների և ուսումնասիրությունների վերաբերյալ,ինչպես նաև ներկաները կմասնակցեն քննարկումներին ու կծանոթանան ոլորտի փորձագետների կարծիքներին:

Հիմնադրամը կտրամադրի նաև վերապատրասատումներ «Որակի ապահովման արտաքին մեխանիզմները՝ հիմնադրամի մոտեցումներ», «Որակի ապահովման ներքին համակարգ՝ ձևավորում և գործարկում», «Ինքնագնահատում՝ իրականացման մեխանիզմներ և զեկույցի պատրաստում» թեմաներով: Թեմաների շուրջ կներկայացվի հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձն ու ուսումնասիրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---