14 դեկտեմբերի 2011 - 09:52 AMT
Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին կքվեարկի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի շուրջ

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Վալերի Բոյերի օրինագիծը օրակարգ է ներմուծվել քվեարկության համար, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդրության կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Վալերի Բոյերի օրինագիծն օժանդակեցին ԱԺ մոտ հիսուն անդամներ:

«Հուսով եմ` մենք մինչև վերջ կգնանք, քանի որ Ֆրանսիան մարդու իրավունքները պաշտպանող երկիր է»,- հայտնել է այս կապակցությամբ Բոյերը:

Օրենքի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները 1 տարվա ազատազրկման կենթարկվեն և կտուգանվեն 45 հազ. եվրոյի չափով: