14 դեկտեմբերի 2011 - 12:52 AMT
Նարե Արամյան. Հայաստանը պետք է վավերացնի Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան

Հայաստանը պետք է վավերացնի Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և ընդունի կենդանիների նկատմամբ դաժանություն արգելող օրենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։

«Հունվարի 2-րդ կեսին կսկսենք մեր լոբբիստական աշխատանքը ԱԺ հետ, որպեսզի Հայաստանը դառնա կոնվենցիայի անդամ, ինչպես նաև կսկսենք աշխատել Հայաստանում, ի դեպ դա արդեն իսկ կա Վրաստանում և Ադրբեջանում, կենդանիների նկատմամբ դաժանություն արգելող օրեսգրքի վրա։ Կաշխատենք նաև քրեական օրենսգրքի հետ՝ կենդանիների նկատմամբ դաժանությունը քրեականացնելու և պատժամիջոց սահմանելու ուղղությամբ»,- մանրամասնեց բանախոսը։

Նա նշեց, որ խնդիրը կենդանիներին չի վերաբերում, այլ վերաբերում է մարդկային հանրությանը. «Ոչ մի կենդանասեր չի ուզում, որ տուժի երեխան և շահի շունը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ փողոցային շներ չլինեն»։