14 դեկտեմբերի 2011 - 12:53 AMT
Թափառող շների հիմնախնդիրը մնում է չլուծված. Խփել ենք, խփում ենք, ու պիտի խփենք

Քաղաքապետարանը վերջին 6 տարիների ընթացքում ոչ միայն չի լուծել թափառող կենդանիների խնդիրը, այլ ավելի է սրել այն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ նշելով, որ կենդանիների գլխաքանակը միայն աճել է, իսկ ագրեսիվությունն ավելացել։

«Խնդիրն այն է, որ ոչ միայն զարգացած եվրոպական երկրները, այլ նաև Հայաստանին համաչափ և ոչ այնքան մեծ բյուջե ունեցող Սլովենիան ու Իսրայելը անհամեմատ ավելի փոքր գումարներով են խնդիրը լուծել և դա արել են ընդամենը 3 տարում»,- մեկնաբանեց Նարե Արամյանը ։

Նա նշեց, որ եթե Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալները համապատասխանեին իրականությանը, հիմա Երևանում պետք է լիներ միայն 1000 շուն՝ այն էլ բոլորը ստերջացված. «Այն դեպքում, որ մենք տեսնում ենք չստերջացված, ավելի ջղայն ու ագրեսիվ շներ»։

Բանախոսը հավելեց, որ անհիմն են այն մեղադրանքները, թե իրենք պայքարում են թափառող կենդանիների համար, քանի որ գրանտներ են ստանում արտասահմանից. «Գրանտակեր, վարկակեր ու պարտքակեր է միայն պետական մարմինների ընդհանրությունը և ոչ թե կենդանասերների միությունը»։

Ըստ Նարե Արամյանի, քաղաքապետերի փոփոխոթյունն իրականում ոչինչ չի փոխելու, քանի որ չեն փոխվել ռազմավարությունն ու նպատակը. «Ասում են՝ խփել ենք, խփում ենք, ու պիտի խփենք։ Ռազմավարության ու հայեցակարգի բացակայության դեպքում նրանք էլ չգիտեն՝ ինչպես է պետք վարվել»։

Ինչ վերաբերում է նոր քաղաքապետի հետ համագործակցությանը, դեռևս Գագիկ Բեգլարյանի օրոք Տարոն Մարգարյանը եղել է առաջին տեղակալ և, բանախոսի պնդմամբ, քաջատեղյակ է իրենց առաջարկներին։