ՀՀ նախագահ. Հայաստանը կհատկացնի անհրաժեշտ գումարը Միաբանության գրադարանի թվայնացման նպատակով

ՀՀ նախագահ. Հայաստանը կհատկացնի անհրաժեշտ գումարը Միաբանության գրադարանի թվայնացման նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սարգսյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:

Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը՝

«Հայ գրատպության 500-ամյակը ոչ միայն հարգանքի տուրքն է մեր նախնիներին, այլ նաև մեծ և լավ հնարավորություն՝ ուրիշներին ցույց տալու մեր արժեքներն ու նաև այդ արժեքների նկատմամբ մեր հավատարմությունը»,- նշել է նա:

Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում` գրադարանի թվայնացման խնդրին, և հավաստիացրել, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանը այդ խնդրի լուծման նպատակով:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Վենետիկում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես, որը բաց կլինի մինչև 2012թ. ապրիլի 10-ը, իսկ բացառապես գրատպագրությանն ու վենետիկյան-հայկական հարաբերություններին նվիրված հատվածները` մինչև 2012թ. օգոստոս: Ցուցահանդեսի փակումից հետո ապրիլի 23-ին` Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, կմեկնարկեն «Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները, որի ժամանակ Բուենոս Այրեսը պաշտոնապես Երևանին կփոխանցի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---