15 դեկտեմբերի 2011 - 16:30 AMT
Նորաստեղծ Օվո բենդը կատարելու է Կոմիտասի ստեղծագործությունները՝ նոր մեկնաբանությամբ

Նորաստեղծ Օվո բենդը 2012 թ-ին աշխատելու է նոր և խոշոր նախագծի վրա: Նախագծում ընդգրկվելու են Կոմիտասի ստեղծագործությունները` խմբի սեփական մեկնաբանությամբ: Խմբի անդամների խոսքով նրանք ոչ մի կերպ չեն ձևափոխելու կամ աղավաղելու Կոմիտասի ստեղծագործությունները, այլ ներկայացնելու են նոր գործիքավորմամբ: Օվո բենդի պրոդյուսեր Բիայնա Դանիելյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ նախագծի աշխատանքները մեկնարկելու են հունվար ամսին, սակայն երբ կավարտվեն, դեռ դժվար է ասել:

Բացի դրանից, խումբն աշխատում է նաև Jazz Mood անունով նախագծի վրա: Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խումբը հանդիսատեսի դատին է ներկայացնելու Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Դեկտեմբերի 3-ին և 4-ին խումբը ելույթ է ունեցել Ստեփանակերտում և Շուշիում:

Օվո բենդը հիմնադրվել է 2011 թ-ի մայիսին: Խմբի երաժիշտներն են ջութակահար Գոգա Վանյանը, սաքսոֆոնահար Արթուր Եղիազարյանը, ակկորդեոնահար Գագիկ Դանիելյանը և կիթառահար Հրայր Մկրտչյանը: Խումբն աշխատում է տարբեր ոճերում: «Օվո» անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ձու»: