15 դեկտեմբերի 2011 - 16:45 AMT
Լիբանանում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցման հարցերին նվիրված խորհրդաժողով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական գույքը վերադարձնելու մասին թիվ 306 բանաձևի ընդունումը, հայտում են Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Ճիշտ է, որ բանաձևում չի հիշատակվում ցեղասպանություն եզրույթը և որ այն վերաբերում է Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնություններին: Նաև շատ կարևոր է, որ բանաձևի համաձայն, Թուրքիան պարտավոր է վերադարձնել ոչ միայն անշարժ և շարժական գույքը, այլ նաև ձեռագրերն ու ծիսական պարագաները»,-ասել է Արամ Առաջինը:

Կաթողիկոսը նշել է, որ հայերի համար կարևոր է նաև կալվածքները վերադարձնելու հարցը: 2012թ. փետրվարի վերջին Անթիլիասի մայրավանքում տեղի կունենա հատուցման հարցերին նվիրված միջազգայն համագումար՝ միջազգային օրենքների ու նորմերի հիման վրա:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը «Կրոնական գույքը Թուրքիայի ազգային փոքրամասնություններին վերադարձնելու մասին»:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց հռչակագիր՝ 1930-ականների բռնագրավված հայկական եկեղեցիների և հրեական սինագոգերի գույքը վերադարձնելու մասին: