
Օրեր առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը գյուղի տարհանման վերաբերյալ հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին իր մտահոգությունը` նաև ակնկալելով խնդրի բարձրաձայնման միջոցով ՀՀ կառավարության որոշման կասեցում:
«Հայաստանի Հանրապետության թշնամու հետ սահմանամերձ գյուղի բնաջնջման այս փաստը ոչ միայն վկայում է ՀՀ կառավարության, ըստ էության, պետության և ժողովրդի շահը չգիտակցելու և անձեռնհասության մասին, այլ նաև ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից, անգիտակցաբար, թե ոչ, բայց փաստացի` թշնամի Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին»,- նշում է պատգամավորը:
Ըստ Փոստանջյանի, Սյունիքն այսօր առանցքային նշանակություն ունի մեր ներկայիս ազատագրված 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի անվտանգության համար, և Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակչություն չունենալով կամ խրախուսելով նրանց արտագաղթը` գործող իշխանությունը անդառնալի հարված է հասցնում մեր երկրի ողջ անվտանգությանը: «Բացի մեր հայրենիքի ազատագրումից, մենք հասկանում ենք, որ առաջնահերթ խնդիր ունենք` ազատագրվելու բռնակալ մարզպետներից, հակահայ կառավարությունից և ընտրությունների կեղծման հետևանքով ձևավորված իշխանություններից»,- ասում է պատգամավորը:
Նա հավելում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղացիները առաջին անգամ չէ, որ մասնակցում են հայրենիքի ազատագրման սրբազան պատերազմին: ՀՀ կառավարության կողմից Քաջարան գյուղի բնաջնջման պատերազմական գործողությունը նախապես ձախողման է դատապարտված. «ՀՀ կառավարությունը իր հանցագործ համբավ ունեցող մարզպետով անգամ չի կարող հաղթանակ արձանագրել այս պատերազմում: Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք հայտարարաված պատերազմը և զգուշացնում հիշել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի հետևանքների մասին: Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չեք այդ պատերազմում»:
Երեկ մարզպետարանում տեղի ունեցած խորհդակցությունից հետո Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել` նշելով, որ չի ցանկանում ստորագրել պայմանագիրն ու դավաճանել ժողովրդին: Քաջարանի գյուղապետի վրա ճնշումներ էին գործադրում, որպեսզի ստիպեն ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:
Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը և հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: