16 դեկտեմբերի 2011 - 11:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լրացավ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մեկ տարին

Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացել է առաջին տարեկան կենսաթոշակային համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն այս ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև 2012թ սպասվող առավել կարևոր քայլերը: «Մենք կարևորություն ենք տալիս այս համաժողովին և համոզված ենք, որ այն քննարկումները, որոնք կկայանան, ավելի լավ արդյունքներ և այս ընթացքում առաջացած խնդիրները հստակորեն պատկերացնելու ավելի լավ հնարավորություններ կտան: Մյուս կողմից՝ մեր թոշակային բարեփոխումները պետք է դառնան մեր ազգի սեփականությունը»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շնորհավորելով համաժողովի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք:

Կառավարության ղեկավարի խոսքով, Հայաստանում անցկացող կենսաթոշակային բարեփոխումները պետք է համահունչ լինեն համաշխարհային միտումներին, որպեսզի այսօրվա երիտասարդությունը, որը 20-30 տարի անց կանցնի թոշակի, ունենա ձևավորված կենսաթոշակային համակարգ: «Այս տեսանկյունից մենք պետք է ընտրենք ճիշտ մոդել, որպեսզի առավել արդյունավետ կառավարենք ռիսկերը»,-ընդգծել է նա:

Ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը, կենսաթոշակային բարեփոխումների եռամակարդակ մոդելը ենթադրում է թոշակառուների համար ռիսկերի նվազում: Այն բաղկացած է, նախ և առաջ, բազային բաղադրիչից, որը ենթադրում է պետական սոցիալական երաշխիքներ այն քաղաքացիների համար, ովքեր ի վիճակի չեն իրենց ծերության ապահովման համար միջոցներ կուտակել:

Երկրորդ բաղադրիչը՝ պարտադիր է. յուրաքանչյուր աշխատունակ մարդ ինքը պետք է հոգա իր ծերության ֆինանսավորման մասին: Եվ երրորդ բաղադրիչը՝ կուտակայինն է, որի դեպքում քաղաքացին իր ցանկությամբ կարող է կուտակել լրացուցիչ միջոցներ: «Այս մոդելը արմատականորեն տարբերվում է մեզ մոտ գործող կենսաթոշակային համակարգից և հաշվի է առնում համաշխարհային միտումները»,-ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում նա հավելել է, որ այս բարեփոխումները ևս հիմնված են նրա վրա, որ փոխվում է մարդկանց աշխարհայացքը, քանի որ աշխատող քաղաքացին պետք է հասկանա, որ ինքն է պատասխանատու իր ապահով ծերության համար և ինքը պետք է ընտրի ֆոնդը, իսկ դա ենթադրում է որոշակի գրագիտություն և տեղեկացվածություն: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվելու է քաղաքացիների բանակ, որը կառավարության նկատմամբ իր միջոցների կառավարման համար պահանջատեր կլինի: 10 տարի անց այդ բանակը կբարձրացնի իր ֆինանսական և տնտեսական գիտելիքների մակարդակը, որը և կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժը: Նրա խոսքով, միաժամանակ, Հայաստանի կառավրությունը պարտավոր է ստեղծել համապատասխան ենթակառույցները և ռիսկերը նվազեցնող համապատասխան ֆինանսական ֆոնդերի համար աշխատանքային միջավայր, որպեսզի քաղաքացիները վստահությամբ կուտակեն իրենց խնայողությունները:

«Սակայն այսօր ևս կառավարությունը չի մոռանում թոշակառուների մասին: Անգամ ճգնաժամային տարում կառավարությունն իրականցրել է իր պարտականությունները՝ չկրճատելով սոցիալական ոլորտի համար նախատեսվող ծախսերը, ավելին, մենք ավելացրել ենք այդ ծախսերը: «Մենք կշարունակենք այս մոտեցումը, արդեն 2012թ հունվարի 1-ից՝թոշակներն ու նպասները 10% բարձրացնելով, ինչը կկրի հետևողական բնույթ»,- հավելել է նա:

2012թ-ից Հայաստանում կներդրվի www.ePension.am միասնական կայքը, որի միջոցով կմատուցվեն օնլայն ծառայություններ, իսկ ահա 2014թ-ից հնարավոր կլինի ստուգել թոշակային հաշիվները:

Հայաստանի կառավարության որոշմամբ 2011թ հունվարի 1-ից Հայաստանն անցել է կամավոր կուտակային համակարգի, իսկ 2014թ-ից հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային համակարգը:

ՖՈՏՈՇԱՐՔ