16 դեկտեմբերի 2011 - 12:13 AMT
Եվրախորհրդարանը կոչ է արել Բաքվին հավատարիմ լինել մարդու իրավունքների կոնվենցիաների սկզբունքներին

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ադրբեջանցի լրագրող Ռաֆիկ Թաղիի սպանության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ բանաձևի, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քննություն անցկացնել, «ինչը չի արվել»:

Բացի այդ, նշելով քաղբանտարկյալների առկայությունն Ադրբեջանում, եվրախորհրդարանականները խորհուրդ են տվել պաշտոնական Բաքվին հավատարիմ լինել մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների սկզբունքներին, որոնց նա միացել է:

«Մենք կոչ ենք անում պաշտոնապես դատապարտել լրագրողի սպանությունը և քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար խոսքի ազատությունը երկրում»,-ասվում է բանաձևում:

Ադրբեջանցի լրագրող Ռաֆիկ Թաղին սպանվել է 2011թ. նոյեմբերի 23-ին: 2007թ. Թաղին դատապարտվել էր Ադրբեջանի եվրաինտեգրմանը խոչընդոտող իսլամական արժեքների մասին հոդվածի համար: