16 դեկտեմբերի 2011 - 16:36 AMT
Հոլիվուդի հայ կինոգործիչներն ամփոփեցին իրենց ստեղծագործական տարին

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հոլիվուդի հայ կինոգործիչների հավաքը, որին ներկա էին հոլիվուդյան հայտնի դերասաններ Մարկո Խանը, Քեն Դավիդյանը, պրոդյուսերներ Վալերի Մըքքեֆրին, Կառլա Կարապետյանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Արփա» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը և այլն: Այն տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ:

Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների 2011 թվականի ընթացքում արած աշխատանքը, որը ներառում է անցնող տարվա ընթացքում էկրան բարձրացած ֆիլմերը, հայ սցենարիստների նոր գործերը, ամերիկյան նախագծերին հայ դերասանների մասնակցությունը, միջազգային փառատոններում ունեցած հաջողությունները:

Հավաքի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը Սիլվիա Մինասյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության մեդալը, որին նա արժանացել է հայկական գետի անվամբ հոլիվուդյան չափանիշների միջազգային կինոփառատոն հիմնելու և հայաստանցի սկսնակ կինոգործիչների համար ճանապարհ հարթելու համար: