16 դեկտեմբերի 2011 - 17:39 AMT
Շևչենկոյի անվան դպրոցի ուսուցիչներն ու փոխտնօրենները պայքարում են անանուն նամակների դեմ

Արդեն 3 ամիս է` Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը բոլորի ուշադրության կենտրոնում է, և պատճառը տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն էր: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրություններում 6 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրվեց Էլեոնորա Թումանյանը: Թվում էր` հանդարտվելու են կրքերը, և աշխատանքն ընթանալու է բնականոն հունով: Սակայն անանուն նամակները շարունակում են գրվել:

Դպրոցի 4 փոխտնօրեններն ու 33 ուսուցիչներն այսօր տարածել են հաղորդագրություն՝ նշելով, որ նամակները գրողի համար դժվար է հեռանալ էությունից, դժվար է համակերպվել այն մտքին, որ դպրոցը ղեկավարում է աշակերտների և ուսուցիչների կողմից սիրված տնօրեն. «Իսկ չէ՞ որ բոլորիս էլ հայտնի է այն փաստը, որ դպրոցը նախ աշակերտինն է, իսկ այսօր մեր դպրոցի թե աշակերտները, թե ծնողները, թե ուսուցիչները վստահում և հավատում են Էլեոնորա Թումանյանին: Ավելի քան լիահույս ենք բոլորս, որ մեր դպրոցը հուսալի և ուժեղ ձեռքերում է, իսկ վաղվա օրը` ավելի պայծառ ու հստակ: Ուզում ենք մեր կոչը հղել բոլոր լրատվամիջոցներին և խնդրել չհրապարակել նման ցածրորակ և ստահոդ լուրեր, իսկ դրանց հեղինակներից պարզապես պահանջել կանգ առնել, դադարեցնել ուսուցչին ոչ հարիր և անվայել գործը»:

Նամակի տակ ստորագրողները հրավիրում են իրենց դպրոց՝ տեսելու և համոզվելու, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցը գեղեցիկ ավանդույթներ, բանիմաց և նվիրյալ ուսուցիչներ, սիրված ու ընդունված տնօրեն ունեցող դպրոց է. «Մենք հավատում ենք մեր տնօրենին, մենք հավատում ենք մեր վաղվա օրվան, իսկ դպրոցի գործընթացը խաթարող «ուժերին»` պարզապես արհամարհում և անտեսում»: