Հայաստանի վարչապետը հուսով է, որ Եգիպտոսի նոր դեսպանը կաջակցի երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Հայաստանի վարչապետը հուսով է, որ Եգիպտոսի նոր դեսպանը կաջակցի երկկողմ հարաբերությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով: «Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը` այդ ուղղությամբ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար»,- ասել է վարչապետը:

Կողմերը կարևորել են հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի գործարար հատվածների միջև կապերի սերտացումը:

Վարչապետ Սարգսյանն ու Եգիպտոսի դեսպանը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացման ընթացքից: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել Երևանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումը, որոնց շրջանակում ցուցադրվել են Եգիպտոսի օպերայի և բալետի թատրոնի 2 բալետային ներկայացում, եգիպտական բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվել է Եգիպտոսի նկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն:

Նա նաև բարձր է գնահատել Եգիպտոսի` ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի գործունեությունը, որի միջոցով ավելի քան 1500 հայ մասնագետներ վերապատրաստվել են Եգիպտոսում: Կարևորվել է եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:

Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին ներկայացրել է Եգիպտոսի քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---