17 դեկտեմբերի 2011 - 09:27 AMT
ԿԱՐԾԻՔ
Երևանի վերգետնյա անցումները ձմռանը վերածվում են անվճար ու վտանգավոր սահադաշտերի

Վերջին շրջանում Երևանի մի շարք բանուկ փողոցների վրա կառուցվեցին վերգետնյա անցումներ։ Դա և հարմար է, և ավելի մատչելի, և ավելի արագ, և ավելի ապահով... Ապահո՞վ։ Ամռան ամիսներին գուցե, բայց ձմռանը դրանցից մի քանիսը դառնում են իսկական փորձություն կամ «ֆորտ բոյարդ»։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը ֆիքսել է առնվազն 2 օդային անցում` Ազատության պողոտայում և Դավիթ Անհաղթի փողոցում` Եվրոպական ակադեմիայի դիմաց, որոնք սալիկապատված են` «մետլախապատ»։

Եվրավերանորոգման բոլոր կանոններով կառուցված անցումները գուցե մաքուր են կամ գեղեցիկ, սակայն դառնում են սարսափելի վտանգավոր, երբ ձյուն է տեղում։ Երևի յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ սայթաքել է խոհանոցում կամ լոգարանում, երբ սալիկները թաց են եղել։ Պատկերացրեք` նույնը տեղի է ունենում գետնից մի քանի մետր բարձր գտնվող անցումում` սալիկ և ձյուն. մահացու համադրություն է։ Դա, թերևս, միայն երեխաներին է ուրախացնում` անվճար սահադաշտ։ Բայց պետք չէ մոռանալ, որ այդ անցումներով անցնում են նաև տեղաշարժվելու ու հավասարակշռության հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներ, ծերեր, կամ պարզապես գնումներ կատարած մարդիկ` զբաղված ձեռքերով։

Այնպես որ ձմռանն այդ անցումները պարզապես դադարում են նպատակին ծառայել և մարդիկ շարունակում են հատել փողոցն արգելված վայրով` խախտելով երթևեկության կանոնները, վտանգելով սեփական կյանքը...

Վերգետնյա անցումների միտքը, իրոք, լավն է։ Բայց պետք էր կառուցելիս հաշվի առնել, որ Երևանում ձմեռ է լինում, և ձյուն է տեղում։ Հնարավոր լուծումները երկուսն են` կամ պետք է սալիկները քանդել, կամ էլ անցումների վերևում ծածկ կառուցել։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News