17 դեկտեմբերի 2011 - 09:30 AMT
ՄԱԿ ԱԽ-ն չեղյալ է հայտարարել Լիբիայի կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները

ՄԱԿ ԱԽ-ն չեղյալ է հայտարարել Լիբիայի կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց նպատակն էր ճնշում գործադրել Մուամար Քադդաֆիի ռեժիմի վրա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Չեղյալ են հայտարարվել նաև Լիբիայի Արտասահմանյան բանկի հանդեպ սահմանված պատժամիջոցները, որը վերահսկվում է ԿԲ կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ աղբյուրի, ՄԱԿ ԱԽ-ում, պատժամիջոցների վերացումը թույլ կտա գործարկել այդ բանկերի օտարերկրյա ակտիվները և թեթևացնել Լիբիայում կանխիկ միջոցների ոլորտում առաջացած ճգնաժամը: Ավելի վաղ Լիբիայի հանդեպ հայտարարված բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ն: Ամերիկյան իշխանությունները ապասառեցրել են Լիբիայի կենտրոնական բանկի բոլոր ակտիվները: Սակայն, սառեցված են մնում Քադդաֆիի և նրա ընտանիքի անդամների ակտիվները: