17 դեկտեմբերի 2011 - 11:12 AMT
Դավութօղլուն անցել է սպառնալիքների. Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարող են նվազագույնի հասցվել

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն զգուշացրել է Ֆրանսիային, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում երկու երկրների հարաբերությունները կհասցվեն նվազագույնի: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Դավութօղլուն հայտարարել է այդ մասին ֆրանսիացի գործարարների հետ հանդիպմանը, որոնք աշխատում են Թուրքիայում: Ըստ նրա, երբ Եվրոպայում մոլեգնում է տնտեսական ճգնաժամը, Թուրքիայում նկատվում է էկոնոմիկայի աճ: «Շատ եվրոպական, այդ թվում ֆրանսիական ընկերություններ ներդրումներ են անում Թուրքիայում, այդ օրինագծի ընդունման դեպքում կտուժեն նաև այդ ընկերությունները»,-ասել է նա: Դավութօղլուն նաև նշել է, որ նա այն նախարարներից չէ, ով կժամանի Փարիզ ու կասի թե հարգում է Ֆրանսիայի Սենատի որոշումը: «Նման բան ինձանից չսպասեք:

Եթե ինձ հարցնեն եղե՞լ է արդյոք Ցեղասպանություն, անշուշտ, ես կասեմ, որ նման բան չի եղել և այդ ամենը հորինված է: Թե ինչպիսին կլինի ֆրանսիական կողմի արձագանքը իմ հայտարարություններին, ես չեմ կարող ասել, սակայն, հաստատ գիտեմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններում: Բացի այդ, Փարիզ մեկնելուց առաջ մենք 100 անգամ կմտածենք, արդյոք մեզ հետ այնտեղ ոչինչ չի պատահի: Այդ ամենը ոչ մի կապ չունի ժողովրդավարության ու եվրոպական արժեքների հետ»,-նշել է նա: Բացի այդ Դավութօղլուն հայտարարել է թե դա պոպուոլիստական որոշում է: Այդ հարցը Դավութօղլուն քննարկել է նաև Անկարայում Լեհաստանի դեսպան Մարչին Վիլչեկի հետ: Հանդիպմանը Դավութօղլուն խնդրել է Լեհաստանին, որպես ԵՄ-ում նախագահող երկիր, այդ հարցը դնել ԵՄ քննարկման:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քվեարկության կդրվի Ֆրանսիայի ԱԺ-ում դեկտեմբերի 22-ին: