17 դեկտեմբերի 2011 - 13:45 AMT
Երիտասարդ գիտնականների ֆինանսավորումը կավելանա 100 միլիոն դրամով

Երիտասարդ գիտնականների ֆինանսավորումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ կավելանա 100 միլիոն դրամով կամ 33 տոկոսով։ Նման հայտարարություն նախագահն արել է այսօր՝ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ։

«Երիտասարդ գիտնականների և երկրի նախագահի միասնական ամենամեծ մտահոգությունը Հայաստանում գիտական ներուժի պահպանման, զարգացման համար առավել ամուր հիմքերի ստեղծման հնարավորությունն է։ Խնդիրները 2 մասի են բաժանվում՝ այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել առանց ֆինանսական մեծ ներարկումների, և խնդիրներ, որոնք լուծելու համար մեծ միջոցներ են պահանջվում»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ նախագահի առջև երիտասարդները բարձրացրել են ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլև ընդհանրապես գիտական համակարգին վերաբերող խնդիրներ, քննարկվել են հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներ։ Սերժ Սարգսյանը խոստացել է արդյունավետ լինելու դեպքում նման հանդիպումներին տալ պարբերական բնույթ։