17 դեկտեմբերի 2011 - 14:34 AMT
Հրայր Թովմասյան. ՀՀ արդարադատության համակարգի աշխատանքը նախկինում նման էր պոչատ աղվեսի մասին հեքիաթին

Դեռ 2011թ. սկզբում արդարադատության համակարգի աշխատանքը նման էր պոչատ աղվեսի մասին հեքիաթին, որտեղ աղվեսը հերթով դիմում է հեքիաթի տարբեր հերոսներին, խնդրելով անել այս կամ այն գործը, որպեսզի արդյունքում նա ետ ստանա իր պոչը: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա, այս տարի նրա գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է «բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքը»: Այդպես, արդեն իրականացված բարեփոխումների արդյունքում հաջողվեց արդյունքի հասնել նոտարական գրասենյակների ու ՔԿԱԳ գործունեության ոլորտում, պարզեցվեց վարորդական իրավունքի ստացման կարգը:

Ինչպես նշել է Թովմասյանը, կատարված աշխատանքի արդյունքում, որը շոշափում է նախարարության գործունեության բոլոր ոլորտները, բարձրացավ ԴԱՀԿ ծառայության գործունեության մակարդակը: «2010թ. համեմատ այս տարի ԴԱՀԿ միջոցով վերադարձված գումարը 2 մլրդ դրամով ավելի էր: 2010թ. այն կազմում էր 10 մլրդ 284 մլն դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ՝ 12 մլրդ 374 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Վերջում նախարարը հավելեց, որ լրացուցիչ բյուջեի համակարգի ներմուծման շնորհիվ հնարավոր դարձավ բարձրացնել նախարարության աշխատավարձերը, ինչը կարևոր խթան է աշխատանքի բարելավման համար: «Հոկտեմբերին աշխատակիցները ստացել են կես աշխատավարձի չափով ավելի գումար, նոյեմբերին՝ 80 տոկոսի, իսկ հունվարին նրանց պարգևավճարը կկազմի աշխատավարձի 100 տոկոսը»: Նախարարը նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: