17 դեկտեմբերի 2011 - 14:35 AMT
Յուրա Մովսիսյան. Կփորձենք օգտագործել բոլոր լավ որակները ԱԱ-2014 ընտրական մրցաշարում

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 2011 թվականը հայկական ֆուտբոլի համար շատ արգասաբեր էր, և ազգային հավաքականը արտակարգ ֆուտբոլ ցուցադրեց: «Մինչ այդ մեր հավաքականն այդպիսի խաղ չէր ցուցադրել և նման արդյունք չէր ունեցել: Մենք շատ վստահ էինք խաղում և արեցինք ամեն ինչ, որպեսզի նվաճենք EURO-2012 ուղեգիրը: Կփորձենք օգտագործել բոլոր լավ որակները ԱԱ-2014 ընտրական մրցաշարում»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Մովսիսյանը գտնում է, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի B խումբն ուժեղ է, և եթե իրենց հաջողվի դուրս գալ խմբից, ապա դա իսկական հերոսություն կլինի:

«Խմբում մեր մրցակիցները շատ ուժեղ հավաքականներ են, բայց մենք միշտ դաշտ ենք դուրս գալիս հանուն հաղթանակի և կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հաջող ելույթ ունենանք»,- ընդգծել է Մովսիսյանը:

B խմբում Հայաստանի հավաքականը կխաղա Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հետ: Առաջին խաղը հայկական ընտրանին կանցկացնի 2012թ. սեպտեմբերի 7-ին Մալթայի հետ, իսկ կավարտի շրջանը Իտալիայի հետ հանդիպմամբ 2013թ. հոկտեմբերի 15-ին: