17 դեկտեմբերի 2011 - 14:45 AMT
Վահան Հովհաննիսյան. ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել «ՀԱԿ պլատֆորմը», սակայն դա դեռ համագործակցություն չի նշանակում

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել Հայ ազգային կոնգրեսի առաջարկությունը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցում միասնական պլատֆորմ մշակելու վերաբերյալ, երկրում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նպատակով: Ընդ որում Հովհաննիսյանը հավելել է. «Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ՀԱԿ բոլոր առաջարկությունները, հատկապես, վերջերս, ավելի հակված են տպավորություն գործելու, քան թե արդյունք տալու»: Ըստ նրա, Կոնգրեսը համագործակցություն է առաջարկել արդար ու ազատ ընտրությունների անցկացում ապահովելու շուրջ, քանի որ գիտեր, որ միայն դա կարող է միավորել Հայաստանի քաղաքական ուժերին:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ ՀԱԿ պլատֆորմի քննարկումը դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն կմիանա այդ պլատֆորմին: Նա հավելել է, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն« արդեն մշակել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրենց ծրագիրը, որոնցից շատերն ընդունվել են, և առաջարկել է Կոնգրեսին միանալ իրենց:

Անդրադառնալով ՀՅԴ ու «Ժառանգության» ծրագրին՝ Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակին նրանց շատ կօգներ ՀԱԿ աջակցությունը, մասնավորապես, հանրահավաքների առումով, սակայն Կոնգրեսի ղեկավարները միայն մեղադրեցին ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը» իշխանությունների հետ գործարք կնքելու մեջ, իսկ այժմ իրենք են խոսում ԸՕ-ում փոփոխությունների մասին: Այդ առնչությամբ Հովհաննիսյանն առաջարկեց ՀԱԿ-ին ընդունել սեփական սխալը ՀՅԴ ու «Ժառանգության» հարցում և այն, որ ժամանակին սխալ է հաշվարկել իր ուժերը: