17 դեկտեմբերի 2011 - 15:24 AMT
2012թ. Օլիմպիադայի անվտանգությունը կապահովի խաղաղ ժամանակ բրիտանական խոշորագույն ռազմական խմբավորումը

Խաղաղ ժամանակ բրիտանական խոշորագույն ռազմական խմբավորումը կհսկի 2012թ. ամառային Օլիմպիադան Լոնդոնում: Անվտանգությունը կապահովեն 13,5 հազար զինվորներ և սպաներ, բրիտանական ՌԾՈՒ առաջատար հարվածային նավերից մեկը, ուղղաթիռակիր «Օուշնը»` «Պումա» և «Լինքս» ուղղաթիռներով, ինչպես նաև «Բալուեք» դեսանտային նավը, հաղորդում է newsru.com-ը:

Օլիմպիական խաղերի ժամանակ «Նորտհոլտ» օդակայանում` Լոնդոնից արևմուտք, ժամանակավորապես կտեղակայվեն «Թայֆուն» կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք այժմ գտնվում են Շոտլանդիայի օդակայաններում և Լինքոլնշիր անգլիական կոմսությունում: 2012թ. խաղերի մայրաքաղաքի երկինքը կպաշտպանեն նաև ավելի քան 11կմ խոցման հեռահարությամբ «ցամաք-օդ» դասի հրթիռներ:

Զինծառայողները, այդ թվում` Աֆղանստանից վերադարձող, կկազմեն Օլիմպիական խաղերի` 23,7 հազ. մարդուց բաղկացած անվտանգության ուժերի կմախքը:

Սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչպես են զինվորականներն այդ գործողությունների ժամանակ փոխգործակցելու աշխարհում խոշորագույն մասնավոր հսկիչ ընկերության` «Ջի-4-Է»-ի ավելի քան 10 հազար աշխատակիցների հետ, և ինչպիսի հագուստով են կատարելու Խաղերի հսկման առաքելությունը` քաղաքացիական, թե սեփական համազգեստով: