17 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT
Աղվան Հովսեփյան. Ամենակարևոր ձեռքբերումը մեր միասնությունն է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 5-րդ հոբելյանական համագումարը:

Համագումարի ավելի քան 2040 պատվիրակներին և շուրջ 500 հյուրերին կազմակերպության նախագահ Հայկազ Նավասարդյանը ներկայացրել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքները և ձեռքբերումները: Հաշվետու զեկույցում նշվեցին հայրենակցական միության կողմից Ապարանի տարածաշրջանում, հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Սյունիքում, Լոռիում, ինչպես նաև Երևանում կատարված բազում միջոցառումները և այլ կազմակերպչական աշխատանքները: Զեկույցում հատկապես կարևորվեցին այն միջոցառումները, որոնց մասնակիցների աշխարհագրությունը արդեն դուրս է եկել Ապարանի տարածաշրջանից, դարձել հանրության կողմից սիրված ու սպասված:

««Նիգ Ապարան» ՀՄ գործունեության ամենամեծ ձեռքբերումը, որը այլևս անշրջելի է, դա տարիների ընթացքում աննկատ ձևավորված, բայց այսօր արդեն անհերքելի իրողություն դարձած մեր միասնությունն է»- իր խոսքում շեշտել է միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:

Հոբելյանական 5-րդ համագումարում ««Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից «Մեր բարեկամ» շքանշանով պարգևատրվեցին ականավոր քաղաքական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Համագումարը, կանոնակարգով սահմանված կարգով, կատարեց նաև «Նիգ Ապարան» ՀԲՀԿ ղեկավար կազմի ընտրությունը: Ընտրվեց կազմակերպության խորհուրդը, նախագահությունը և կազմակերպության նախագահ: Համագումարի կողմից «Նիգ Ապարան» ՀԲՀԿ նախագահ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, բարեգործ Սամվել Ալեքսանյանը: