20 դեկտեմբերի 2011 - 17:20 AMT
Բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը Կենտրոնից և փոքր Կենտրոնից կտեղափոխվեն այլ շրջաններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայաստանի Ճարտարապետների միություն, հանդիպել միության անդամների հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով կառույցի նշանակությունը քաղաքաշինության ոլորտում, քաղաքապետը համոզմունք է հայտնել՝ այսուհետ էլ քաղաքապետարանի և ճարտարապետների միության համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ կգտնեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ նպատակն ի վերջո Երևանին ու երևանցիներին ծառայելն է:

Խոսելով մայրաքաղաքի կառուցապատման մասին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվում է բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները, Կենտրոնից և փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ` այդպիսով իսկ ոչ միայն կթեթևանա կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլև կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը:

Ընդգծելով ճարտարապետների պատասխանատվության աստիճանը հասարակության առջև՝ ճարտարապետների միության անդամները նշել են, որ իրենց բնագավառում սխալվել չի կարելի, այլապես հետևանքները անդառնալի կլինեն: «Մենք ժառանգել ենք շատ լավ քաղաք և պարտավոր ենք այն հասցնել սերունդներին: Մեր կրեդոն լինելու է քաղաքապետարանին աջակցելը և մեր քաղաքին ծառայելը», - նշել է Մկրտիչ Մինասյանը: