21 դեկտեմբերի 2011 - 09:44 AMT
Թուրքիայի խորհրդարանը նախազգուշացնում է Ֆրանսիային Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ, որում Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Փաստաթղթում նշվում է, որ այդ օրինագծի ընդունումը պատմական սխալ կդառնա, քանի որ «անցյալի իրադարձությունների ուսումնասիրությունը պատմաբանների գործն է», հաղորդում է IHA-ն:

Ավելին, պատգամավորները ֆրանսիական խորհրդարանականներին կոչ են արել հրաժարվել «երկակի ստանդարտների» քաղաքականությունից և չձեռնարկել քայլեր, որոնք ընդունակ են վատթարացնել Թուրքիայի և Ֆրանսիայի փոխհարաբերությունները:

Այդ հայտարարության ընդունման օգտին միաձայն քվեարկել են Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բոլոր երեք կուսակցությունները` Արդարության և զարգացման, Ժողովրդա-հանրապետական և Ազգային գործողության կուսակցությունները: Դեմ է քվեարկել քրդական անջատողականներին հարող Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը:

Դեկտեմբերի սկզբից ի վեր թուրքական իշխանությունները սպառնում են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, եթե վերջինս ընդունի Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեպքում 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք նախատեսող օրինագիծը:

Ֆրանսիայի խորհրդարանը օրինագծի վերաբերյալ կքվեարկի դեկտեմբերի 22-ին: