21 դեկտեմբերի 2011 - 13:06 AMT
Պետրոս Մակեյանը գտնում է, որ ԲՀԿ-ն տառապում է Արթուր Բաղդասարյանի սինդրոմով

Ընդդիմադիր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը քննադատաբար է գնահատում իշխող կոալիցիայի ապագան: «Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ-ը քաղաքական դիակ է, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ժամանակ առ ժամանակ փորձում է դուրս պրծնել ՀՀԿ-ի կապանքներից»,-հայտարարել է նա 2012թ. քաղաքական օրակարգին նվիրված քննարկման ժամանակ:

Մակեյանը չի բացառել, որ ԲՀԿ գործողությունները բացատրվում են Արթուր Բաղդասարյանի սինդրոմով և միայն իմիտացիա են ընդդիմադիր ձայներ գրավելու ակնկալիքով:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշել է, որ կոալիցիոն կուսակցությունները գործում են կոալիցիոն հուշագրին համապատասխան: «Ոչ մի քաղաքական ուժ հայտարարություն չի արել կոալիցիայից հրաժարվելու մասին և չի պատրաստվում անել, ինչպես վկայում են նրանց վերջին հայտարարությունները»,-ասել է նա:

2008թ. նախագահական ընտրություններում այն ժամանակ ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը երրորդն էր հավաքած ձայների քանակով, սատարեց իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին, ինչը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում և լուրեր, թե նա նախապես գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ: