21 դեկտեմբերի 2011 - 15:53 AMT
Ֆրանսիացի նախարար. Թուրքիան պետք է համարձակություն ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետտին Classique ռադիոյին ու Public Sénat հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Le Figaro-ն:

Ըստ նախարարի, թուրքական իշխանությունները պետք է «ճանաչեն Ցեղասպանությունը որպես պատմական փաստ»: «Այսօր բոլոր երկրները պետք է համարձակություն ունենան առերեսվելու իրենց պատմության հետ: Հայոց ցեղասպանությունից ի վեր շուրջ 100 տարի է անցել, կազմակերպիչները մահացել են, Թուրքիային մնում է միայն խոստովանել Ցեղասպանության փաստը»,-ասել է Լեոնետտին:

Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի իշխանությունները սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: