21 դեկտեմբերի 2011 - 17:17 AMT
Պոլիտեխնիկում կբացվի թունաքիմիկատների մշակման և որակի վերահսկման լաբորատոր բազա

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանը ստորագրեց գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր «Ագրոսայնս» գիտա-արտադրական ընկերության հետ։Այս պայմանագրով նախատեսվում է ՀՊՃՀ գիտական ստորաբաժանման ենթակառուցվածքում և քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում հիմնել էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական նոր թունաքիմիկատների և պատրաստուկային ձևերի ստացման տեխնոլոգիայի մշակման և որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր բազա։

Բացի դրանից ծրագրվում է իրականացնել համատեղ գիտաուսումնական ծրագրեր։ Լաբորատորիան ունենալու է գիտաուսումնական ստորաբաժանման բազայի կարգավիճակ։

«Այս համագործակցությամբ մենք թունաքիմիկատների ոլորտը լավ հիմքերի վրա կկանգնեցնենք։ Շատ կարևոր է, որ մեր գյուղատնտեսությունը օգտվի տեղական արտադրանքից»,-նշեց «Ագրոսայնս» ընկերության տնօրենը։