21 դեկտեմբերի 2011 - 17:42 AMT
ՀԱԿ-ը հանրահավաքների սակավաթվությունը բացատրում է «մոբիլիզացիոն ռեսուրսի սեզոնային տատանմամբ»

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը վերջին շրջանի հանրահավաքների սակավաթվությունը բացատրում է «մոբիլիզացիոն ռեսուրսի սեզոնային տատանման» նոր մեթոդաբանությամբ: «Ես կտրականապես համաձայն չեմ: Կիրառվում է հաշվարկի սխալ մեթոդաբանություն: Կան մոբիլիզացիոն ռեսուրսի սեզոնային տատանումներ… Ակնհայտ է, որ մոբիլիզացիոն ռեսուրսը ցանկացած քաղաքական իրավիճակում և ցանկացած քաղաքական ուժի օրոք իր կիզակետին է հասնում փետրվարից ապրիլ ընկած հատվածում», -հայտարարել է նա:

Զուրաբյանը հավելել է, որ եթե ցանկություն կա ճիշտ մեթոբանության օգնությամբ իմանալ հանրահավաքների մասնակիցների դինամիկան, ապա պետք է համեմատել ՀԱԿ 2009, 2010, 2011թթ. մարտի 1-ի հանրահավաքները:

ՀԱԿ համակարգողը հայտարարել է, որ հանրահավաքների մասնակիցների քանակը բացատրվում է երկու գործոնով՝ զուտ մոբիլիզացիոն ռեսուրսով (որոնք համաձայն են մասնակցել հանրահավաքներին) և երկրում կոնկրետ իրավիճակից: Ինչ վերաբերում է մեթոդաբանությանն, ապա ըստ Զուրաբյանի .«Դա պարզ վերլուծույթուն է: Կա սեզոնային աշխատողների հսկայական բանակ, 100-200 հազար մարդ: Սովորաբար, այդ մարդիկ վերադառնում են դեկտեմբերին և կրկին արտագնա աշխատանքի են մեկնում ապրիլ-մայիսին: Այդ բանակը մեր շարժման համար շատ լուրջ մոբիլիզացիոն ռեսուրս է»: Ըստ նրա, արտագնա աշխատողները իր բոլոր խնդիրների պատճառը համարում են գործող իշխանությունները և սատարում են ՀԱԿ-ին:

Մոբիլիզացիոն ռեսուրսի վրա անդրադարձող մեկ այլ գործոն է Զուրաբյանը համարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը: