21 դեկտեմբերի 2011 - 17:44 AMT
ՀՊՃՀ-ում կգործի Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա

Այսօր Մայքրոսոֆթ ընկերության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև կնքվեց համատեղ կրթական ծրագրերի իրականացման հուշագիր։ Այս հուշագրով ՀՊՃՀ-ն և Մայքրոսոֆթը կսկսեն երկարաժամկետ համագործակցություն, որի շրջանակներում ՀՊՃՀ-ում կհիմնվի Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա։

Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ հուշագիրը կնքվում է գլոբալ Մայքրոսոֆթի հետ և ոչ թե հայաստանյան ներկայացուցչության։

Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիան հանդիսանալու է վերապատրաստման և միջազգային հավաստագրման կենտրոն։ «Պոլիտեխնիկի ուսանողները կկարողանան ոչ միայն վերապատրաստվել, այլև հանձնել քննություն և ստանալ սերտիֆիկատ։ Մենք կտրամադրենք համալսարանին մեր ծրագրային ապահովումը մեծ զեղչերով՝ 80-ից 90%: Բացի դրանից մենք ՀՊՃՀ-ին տրամադրում ենք 10 000-ից ավելի անվճար live@edu էլեկտրոնային փոստերի համակարգը և մի շարք այլ կրթական գործիքներ»,-նշեց Գրիգոր Բարսեղյանը։

Ըստ նրա, ուսանողները հնարավորություն կստանան ունենալ միաժամանակ մեկ կամ ավելի Մայքրոսոֆթի հավաստագրեր, որը աշխատանքի ընդունվելու համար մեծ առավելություն է։ «Հայաստանի ՏՏ ոլորտը պրոֆեսիոնալների մեծ կարիք ունի։ Եթե երիտասարդը, որը դիմում է աշխատանքի, ունենում է Մայքրոսոֆթի սերտիֆիկատ, ապա առանց հարցազրույցի ընդունվում է աշխատանքի»,-ավելացրեց նա։ Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիայում հնարավոր է լինելու վերապատրաստվել տարբեր մասնագիտացումներում՝ սկսած ՏՏ անվտանգությունից մինչև ծրագրային ապահովում։

ՏՏ ակադեմիայում հավաստագրման թրեյնինգների կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՃՀ ուսանողները, այլև բոլոր ցանկացողները։