
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին, կհրապարակի իր երկրի արձագանքը Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ինքը վարչապետը, հաղորդում է Անադոլու գործակալությունը:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները չպետք է երրորդ կողմի պահանջների գերին դառնան, և որ Թուրքիան կպատասխանի բոլոր դիվանագիտական միջոցներով, եթե Ֆրանսիայի Սենատը հավանություն տա օրինագծին:
Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:
ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:
Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: