21 ապրիլի 2003 - 19:55 AMT
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
Հայոց ցեղասպանության 88-ամյակին նվիրված Իտալիայում կազմակերպվող միջոցառումների շարքում, ապրիլի 24-ին Հռոմի Լեւոնյան հայկական վարժարանում կկայանա կոնֆերանս, որտեղ զեկուցումով հանդես կգա պատմաբան, Պերուջայի համալսարանի պրոֆեսոր Մարկո Իմպալացոն: Դրանից բացի, Իտալիայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, այդ օրը երկրի կինոթատրոններում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի իտալերեն տարբերակը: Իսկ ապրիլի 25-ին Հռոմի հայ կաթողիկե եկեղեցում կմատուցվի պատարագ ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագ կմատուցվի նաեւ Միլանի եւ Վենետիկի եկեղեցիներում: Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներն Իտլիայում կեզրափակվեն մայիսի 6-ին Ֆլորենցիայում` Իտալիայում ՀՀ դեսպանության եւ Տոսկանայի իշխանությունների կողմից կազմակերպվող «Հիշողության իրավունքը» գիտաժողովով, որի շրջանակներում կբացվի «Վեգները եւ Անատոլիայի հայերը » ցուցահանդեսը: