24 նոյեմբերի 2003 - 23:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԵԽ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոեր-Բուքիկիոյին է հանձնել Հայաստանի կողմից «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիայի վավերագիրը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կոնվենցիայի նպատակն է հեշտացնել միջազգային համագործակցությունը նշված բնագավառում` սահմանելով անդամ պետությունների միջեւ փոխօգնության ձեւերը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Կոնվենցիայի վավերացումով Հայաստանը կատարեց Եվրախորհրդին անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորություններից եւս մեկը: