Այվազովսկու կտավը MacDougall-ում դեկտեմբերին ամենաթանկ վաճառվածներից է

Այվազովսկու կտավը MacDougall-ում դեկտեմբերին ամենաթանկ վաճառվածներից է

PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Անտիկ պոետները լուսնկային Հին Հունաստանում» կտավը Լոնդոնի MacDougall ռուսական արվեստի աճուրդի կենտրոնում դեկտեմբերի ամսվա ամենաթանկ վաճառված կտավների շարքում է: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, կտավը վաճառվել է 781.660 անգլիական ֆունտ ստեռլինգով (906.726 եվրո):

Հովհաննես Այվազովսկին (Հովհաննես Գայվազյան) ծնվել է 1817թ-ի հուլիսի 17-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում: Հայրը` Կոնստանտինը եղել է վաճառական, ով Լեհաստանի հյուսիս էր տեղափոխվել Արևմտյան Հայաստանից: Մայրը` Հռիփսիմեն եղել է դերձակ:

Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում, այնուհետև Սիմֆերոպոլի գիմնազիայում: Ավարտել է Պետերբուրգի Վորոբյովի անվան գեղարվեստի ակադեմիայի բնանկարի բաժինը: Առաջին ցուցահանդեսները ցուցադրվել են հենց այդ ակադեմիայում: Բազմիցս եղել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում, քանի որ նրա եղբայրը` Գաբրիելը եղել է Մխիթարյան միաբանության անդամ: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական քաղաքներում: «Ծովը իմ կյանքն է» ասում էր նկարիչը: Զբաղվել է բարեգործությամբ: Նրա երկրորդ կինը` Աննա Բուռնազյանը ավելի է մոտեցրել նրան հայ ազգի հետ: 1890-ական թվականների Համիդյան կոտորածները նրա վրա շատ ծանր են ազդում: Այդ ազդեցության տակ նա նկարում է «Հայերի կոտորածը Տրապիզոնում», «Հայերին կենդանի նետում են ծովը» և այլն: Նա նաև օգնել է հայ գաղթականներին: Այվազովսկին մահացել է 1900 թ-ի ապրիլի 19-ին և թաղվել է հարազատ քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում: Վերջին անգամ իր կենդանության օրոք ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում: Իր վերջին նկարն է «Բայրոնի ժամանումը Սբ. Ղազար կղզի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---