Հենրի Ջաբրաիլ. Քվեարկելով օրինագծի օգտին, ես կմտածեմ Հրանտ Դինքի մասին

PanARMENIAN.Net - «Ես շատ ուրախ եմ, որ այսօր խորհրդարանում մենք քննարկում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և ցանկանում եմ ասել, որ դա ոչ թե օրենսդրական հարց է, այլ մեր պարտքն է»,-Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է պատգամավոր Հենրի Ջաբրաիլը: Նա նաև վիրավորական է համարել այն փաստը, որ ոմանք կարծիք են հայտնում, թե դա նախընտրական քայլ է: «Ես քվեարկելու եմ հանուն իմ հայ բարեկամների, քվեարկության ժամանակ ես մտածելու եմ Հրանտ Դինքի մասին»,-ասել է նա:

Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդրվի քվեարկության Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---