24 նոյեմբերի 2003 - 19:58 AMT
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն են քննարկել այսօր հեռախոսով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում Ա.Բաղդասարյանը հույս է հայտնել, որ հարեւան երկրում հնարավորինս արագ կվերականգնվի կայունությունն ու կարգուկանոնը, ինչպես նաեւ կարեւորել է սահմանադրական կարգի պահպանումը, լեգիտիմ նախագահական ու օրենսդիր իշխանության ձեւավորումը Վրաստանում: Ն.Բուրջանաձեն իր հերթին նշել է, որ իրավիճակը Վրաստանում վերահսկելի է եւ որ հունվարի սկզբին այնտեղ տեղի կունենան նոր նախագահական ընտրություններ: Ընդսմին Բուրջանաձեն կարեւորել է Հայաստանի հետ Վրաստանի բարեկամական հարաբերությունների շարունակումը: