23 դեկտեմբերի 2011 - 12:12 AMT
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ԱՄՆ կողմնակից է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում` մեկնաբանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է պետդեպարտամենտի արձագանքը Թուրքիայի տարածքում 40 լրագրողների և մտավորականների ձերբակալությանը, Թոները նկատել է, որ պետդեպարտամենտը հետևում է բոլոր իրադարձություններին: «Մենք հետևում ենք նրան, որ հետաքննությունն արդարացիորեն անցկացվի»,-ընդգծել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Շաբաթվա սկզբին Թուրքիայի 7 քաղաքներում ձերբակալվել են 40 լրագրողներ, այդ թվում նաև France-Presse գործակալության ֆոտոլրագրողներ: Ձերբակալություններն իրականացվել են Թուրքիայի իրավապահ մարմինների հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում: