23 դեկտեմբերի 2011 - 13:27 AMT
CES 2012 խոշոր ցուցահանդեսին Microsoft-ը կներկայացնի Windows 8-ով աշխատող պլանշետ

2012-ին Լաս Վեգասում կայանալու է տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում տարվա ամենասպասված ցուցահանդեսներից մեկը՝ էլեկտրոնային տեխնիկայի ցուցահանդես CES-ը։Նման մեծ ցուցահանդեսների ժամանակ մեծ և ճանաչված ընկերությունները ներկայացնում են աշխարհին իրենց նոր արտադրանքը։ Ամերիկյան մամուլում օրերցօր կանխատեսումներ են անում, թե ինչ նորույթներ կլինեն CES 2012-ին։

Eweek-ը հրապարակել է իր կանխատեսումները։

Մի քանի օր առաջ Microsoft –ը հայտնեց, որ սա լինելու է վերջին CES-ը, որին իրենք կմասնակցեն։ Ենթադրվում է, որ CES 2012-ին Microsoft-ը կներկայացնի Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետային համակարգիչ։ Windows 8-ը նախագծված է թե՛ պլանշետների, թե՛ համակարգիչների համար։ Ենթադրվում է նաև, որ Microsoft-ը կցուցադրի իր Kinect սարքերի ծրագրային փաթեթը, որով ծրագրավորողները կկարողանան նախագծել Kinect ծրագրեր կոմերցիոն նպատակներով։

Ըստ Eweek-ի կանխատեսումների, հնարավոր է, որ CES-ում հատուկ ուշադրություն գրավեն HDTV-ներ արտադրողները, դրանց թվում են Samsung-ը, Sony-ն և այլ հեռուստացույց արտադրողներ։ Ըստ ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի, հավանաբար Samsung-ը կցուցադրի հեռուստացույց, որը հեռակառավարվում է Android պլանշետի միջոցով։

CES 2012-ին սպասվում է նաև գերհզոր՝ Quad-core պրոցեսորներով աշխատող պլանշետների և սմարթֆոնների, ուլտրաբուքերի և Chromebook-երի ցուցադրություն։

CES 2012-ին ենթադրվում է, որ չեն ցուցադրվի netbook-եր։ Քանի որ դրանք արդեն «անցած դար են»։ CES 2012-ին չի ներկայանալու նաև Apple ընկերությունը։