ՔԱՆ-ում քննարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման խնդիրները

PanARMENIAN.Net - Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» (ՔԱՆ) դահլիճում տեղի է ունեցել հանրային քննարկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետևանքների, Քաջարանի և հարակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան «Իկոմոս» կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանն անդրադարձել է պոչամբարների տեղադրման արդյունքում առաջացած բնապահպանական աղետի խնդրին: Նա նշել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի խնդրից բացի, առկա են բազմաթիվ այլ հանքերի, օրինակ` Թեղուտի խնդիրը, որոնք կարիք ունեն քաղաքացիական հասարակության ավելի մեծ ուշադրության: Նա նաև անընդունելի է որակել հանրային գերակա շահի կիրառումն ընդդեմ հանրության:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է «Հանրային գերակա շահ» ֆիլմը, որում տեսագրված էին Սյունիքի մարզի Քաջարան և այլ գյուղերի բնակիչների մտահոգությունները խնդրո առարկայի կապակցությամբ, նրանց բացասական դիրքորոշումն իրենց համայնքներին պատկանող հողերի օտարման վերաբերյալ, նաև փաստագրված էր աշխարհի ամենահարուստ մոլիբդենային հանքի շուրջ ապրող բնակչության ծայրահեղ վատ սոցիալական վիճակը:

Քննարկման ավարտին ընթերցվել է հետևյալ բովանդակությամբ մի պահանջագիր. «Անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28 N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ: Անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը»:

Պահանջագրի տակ ստորագրել են հանրային քննարկման 60 մասնակիցներ: Քննարկման մասնակիցները նաև որոշել են հետագա քայլերն ու անելիքները` համապետական ստորագրահավաքի նախաձեռնում վերջին տարիներին բաց եղանակով շահագործման հանձնված հանքերի օգտագործման դեմ, բողոքի ակցիաներ կառավարության շենքի առջև, ստորագրահավաք Սյունիքի մարզի 6 գյուղերում, իրավական գործողություններ, այդ թվում դատական ճանապարհով կառավարության որոշումների բողոքարկում, նստացույց-ճամբար Թեղուտում և այլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---