Տիգրան Սարգսյան. Մեր նպատակն է ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը

Տիգրան Սարգսյան. Մեր նպատակն է ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, ՀՊՄՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր վարել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես է եկել 2011 թվականին համալսարանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, որոնք խորհուրդը գնահատել է բավարար:

Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդը հաստատել է մինչ 2015 թվականը ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական ծրագիրը և բուհի 2012 թվականի բյուջեն:

Վարչապետ Սարգսյանը կարևորել է այն, որ բուհի զարգացման ծրագիրը թիրախավորված է: «Մեր նպատակն է մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այդ նպատակին հասնելու նախապայման պետք է համարենք այն, որ մանկավարժական համալսարանն անցնի միջազգային հավաստագրում` համագործակցելով նաև եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որպեսզի մշակվեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր, կառուցվի հստակ ծրագրային բյուջե, որտեղից էլ կֆինանսավորվեն բուհի զարգացմանն ուղղված միջոցառումները:

Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ՀՊՄՀ-ի պաշտոնական նոր կայքը, որով հասարակությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն համալսարանի մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---