24 դեկտեմբերի 2011 - 12:21 AMT
Ահմեդ Դավութօղլուն աչքը դրել է հայկական սփյուռքի վրա

Ֆրանսիայի Ազգային ժողովում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան սկսել է պատասխան գործողությունների ծրագիր կազմել: Բացի տնտեսական պատժամիջոցներից ու հարաբերությունները խզելու սպառնալիքներից, պաշտոնական Անկարան որոշել է նաև վերանայել սփյուռքի մասին իր հայեցակարգը:

«Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունից արտագաղթած մարդիկ անկախ իրենց ազգային ու կրոնական պատկանելությունից, լինեն նրանք հայեր, հրեաներ թե հույներ, թուրքական սփյուռք են»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես փոխանցում է թուրքական «Հյուրիեթը», Անկարան պատրաստ է լիովին վերանայել արտաքին քաղաքականության իր հայեցակարգը. այդ նպատակով Անկարայում են հավաքվել արտերկրում Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից: