Իրանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ է սկսել Օրմուզյան նեղուցում, որտեղ կցուցադրի նոր սպառազինությունը

Իրանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ է սկսել Օրմուզյան նեղուցում, որտեղ կցուցադրի նոր սպառազինությունը

PanARMENIAN.Net - Իրանի ռազմածովային ուժերը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, մասշտաբային զորավարժություններ են սկսել Օրմուզյան նեղուցում՝ Պարսից ծոցից գազի և նավթի արտահանման համար կարևորագույն ծովային ճանապարհին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իրանական հեռուստաալիքին:

Իրանական ՌԾՈՒ՝ Velayat-90 խորագրով զորավարժությունները կտևեն 10 օր:

Իրանական զինվորականների հերթական զորավարժությունները կոչված են ցուցադրելու նոր սպառազինությունը, սարքերն ու իրանական պաշտպանական արդյունաբերության նորարարությունները: Զորավարժություններում կգործարկվեն Tareq և Ghadir դասի սուզանավերը և «ցամաք - օդ» դասի նորագույն հրթիռային համակարգերն ու տորպեդները:

Անցյալ շաբաթ ազգային անվտանգության իրանական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Փարվիզ Սարվարին հաղորդեց, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն Օրմուզյան նեղուցը փակելու ՌԾՈՒ գործողությունները: Բայց հետո Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտնեց, որ Թեհրանը չի փակի Օրմուզյան նեղուցը զորավարժությունների ժամանակ:

Օրմուզյան նեղուցը հիմնական ծովային ճանապարհն է Պարսից ծոցից գազի և նավթի արտահանման համար: Այն Օմանի ծոցը միացնում է Պարսից ծոցի հետ: Հյուսիսային ափը վերահսկում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ հարավայինը՝ ԱՄԷ-ն ու Օմանը՝ ԱՄՆ դաշնակիցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---