Իսրայելի ԱԳ նախարարը բավարար չի համարում Եվրոպայի գործողությունները Իրանի հարցում

Իսրայելի ԱԳ նախարարը բավարար չի համարում Եվրոպայի գործողությունները Իրանի հարցում

PanARMENIAN.Net - Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն իր կասկածներն է հայտնել Իրանում միջուկային զենքի հայտնվելը կանխելու` Եվրոպայի մտադրության վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Reuters-ին:

«Ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ եվրոպական առաջնորդներ խոսում են պատժամիջոցների մասին, որպեսզի հանգստացնեն Իսրայելին, այլ ոչ թե այն բանի համար, որպեսզի կանխեն Իրանում միջուկային զենքի հայտնվելը,- հայտնել է Լիբերմանը իսրայելյան դիվանագետներին ուղղված իր խոսքում:- Բայց մեզ պետք չէ հանգստացնել: Մենք կշռադատված, հստակ դիրքորոշում ունենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Եվրոպայի քաղաքական գործիչներին կոչ էր արել «խստագույն» պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ` հայտնելով, որ ժամանակն է «հրատապ, փոխկապակցված և վճռական» միջոցներ ձեռնարկելու Իրանի կենտրոնական բանկի հանդեպ:

Բարաքը հայտնել է, որ Իսրայելը ներկայումս չի ծրագրում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:

ԱՄՆ-ը, Իսրայելը և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Իրանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---